Գերմանիայում կնշեն Էրեբունի-Երեւանի տոնը. Եվրոպայում առաջին անգամ Երեւանի հետ բարեկամությունը խորհրդանշող նստարաններ կտեղադրվեն Լեեր քաղաքում:

Լեերի հայ համայնքի ներկայացուցիչ Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ին հայտնեց, որ նստարանների տեղադրման արարողությունը Լեեր քաղաքի հայկական պուրակում տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 14-ին: Նախատեսված է նաեւ մեծ տոնախմբություն, երգուպար:

Նշենք, որ Ներքին Սաքսոնիա նահանգի Օստֆրիցլանդ մարզի փոքրիկ այս քաղաքն ի դեմս միակ հայ Թովմասյան ընտանիքի, 2015-ին հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինզելգարդեն այգում, որը հայտնի է Կղզու այգի անվամբ, տեղադրվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքար:

Խաչքարն այսուհետեւ կշրջապատեն Երեւան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նորաձեւ նստարանները, որոնք գերմանական քաղաքին են նվիրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու գերմանահայ Ալբերտ Թովմասյանը: Երկու նստարան կտեղադրվի Լեերի քաղաքապետարանի բակում: