Բիզնեսի հարցերով եւ աջակցության խնդիրներով կզբաղվի մի ամբողջ նախարարություն: Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Կառավարության կառուցվածքում եւ աշխատանքում փոփոխությունները:
Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Փոփոխությունների տրամաբանության մասին խոսելիս վարչապետը նշել է, որ էկոնոմիկա բառը նախարարության անվանումից անհետանում է, բայց նրա լիազորություններից՝ ոչ:
«Նոր անվանմամբ մենք ցանկանում ենք ներդրողներին ցույց տալ, որ նրանք մի ատյան ունեն, որտեղ կարող են իրենց բողոքները, ցանկությունները, խորհուրդները ներկայացնել: Այդ նախարարությունը նաեւ ձեռնարկատերերին կօգնի անցնել բոլոր անհրաժեշտ ատյաններով, որպեսզի ոչ մի խոչընդոտի չհանդիպեն»,- նշել է Կարապետյանը:





























