ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը խստացրել է Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին սպանված՝ Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության մեջ մեղադրվողի պատժաչափը` 11 տարվա ազատազրկումը դարձնելով 14:

Նշենք, որ Պապյանի հարազատները համաձայն չէին առաջին ատյանի վճռի հետ, որի համաձայն, ամբաստանյալ Արթուր Մկրտումյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Պապյանի հարազատները վերաքննիչ բողոք էին ներկայացրել` պահանջելով վերաորակել մեղադրանքը: Վերաքննիչը չվերաորակեց, սակայն պատժաչափն ավելացրեց եւս երեք տարով:

Արթուր Մկրտումյանի պաշտպանը մտադիր է վճռաբեկ բողոք ներկայացնել:

Հիշեցնենք, որ հունիսին առաջին ատյանի դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Արթուր Մկրտումյանին՝ հաշվի առնելով ամբաստանյալի՝ 3 անչափահաս երեխա ունենալը: Դատարանը մասամբ բավարարեց տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը. Պապյանի հարազատները պահանջում էին 5.5 մլն դրամ, մինչդեռ դատարանը որոշեց բռնագանձել 1 մլն 40 հազար դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է: