Հայաստանում մի քանի անգամ ավելի քիչ զբոսաշրջիկ կա, քան հարեւան երկրում, բայց մեր հնարավորությունները պակաս չեն։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Կառավարության աշխատանքում եւ կառուցվածքում փոփոխությունների պլանները։
Դրանք դեռեւս ներկայացվել են որպես առաջարկներ, իսկ որոշումները կընդունվեն նոր Կառավարության ծրագիրը կազմելուց հետո։ Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը կհամակարգի ոչ թե առանձին ճյուղեր՝ ՏՏ, զբոսաշրջություն, արդյունաբերություն, այլ կաջակցի մասնավոր սեկտորին։ Այդ պատճառով ճյուղային գերատեսչությունները դուրս կբերվեն նրա կազմից. Տեղեկատվական տեխնոլոգիաները կանցնեն Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ զբոսաշրջությունը՝ առանձին պետկոմիտեին։ «Կոմիտեի ղեկավարության առաջ դրվելու է զբոսաշրջիկներին գրավելու խնդիր։ Այդ պատճառով այստեղ մենք զիջել ենք հարեւան երկրին։ Զբոսաշրջության վիճակագրությունն անհամեմատելի է։ Իսկ ես չեմ կարծում, որ մենք զբոսաշրջիկներին ոչինչ չունենք ցուցադրելու կամ ավելի քչ հնարավորություններ ունենք դրանց գրավելու համար»,– ասել է Կարապետյանը՝ մերժելով պաշտոնյաների այն հայտարարությունները, թե դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը չի զիջում Վրաստանի ցուցանիշներին։





























