Ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցերը հայկական բիզնեսի հետ առեւտրում շարունակում են խնդիր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսական X5 Retail Group ռիթեյլ-կոնցեռնի պետական կառույցների հետ փոխգործակցության բաժնի ղեկավար Մանուչար Քութատելաձեն:

Այժմ Հայաստանի հարկային ծառայությունը ԵՏՄ երկրներում արտահանողի համար ԱԱՀ-ն հաշվանցում է միայն այն դեպքում, երբ նրա ներմուծող գործընկերը իր հարկային ծառայությունում ծանուցում կստանա, որ նա ապրանքը վաճառել է դրա ավելացված արժեքի հարկը վճարելով: Այդ ծանուցումը նա պետք է ուղարկի իր հայ գործընկերոջը: Միայն այդ դեպքում այստեղ նրանից կհաշվանցեն ԱԱՀ-ը: Ծանուցումը փոխանցելու թույլատրելի ժամկետ է սահմանվել ապրանքի արտահանման պահից 180 օրը:

Սակայն առավել պարզ եւ տրամաբանական կլիներ, որպեսզի ԱԱՀ-ի ապագա վճարման ապացույց համարվեր ապրանքի տարանցման հայտարարագիրը, ընդգծեց Քութատելաձեն: Այդպիսի միտք է հնչել վերջերս Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունում կայացած ռուսաստանցի մենեջերների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե ապրանքն արտահանվում է, այն ապրանքագիր եւ տարանցման հայտարարագիր է ունենում, ինչը եւ գործարքի հաստատումն է, այսինքն՝ գնման եւ ապագա վաճառքի: Ըստ էության, էլ ինչ է պետք հաստատել: Իսկ հարկի հաշվանցման հավաստում ստանալուն մինչեւ 180 օր սպասելը գործարարի շրջանառության վրա շատ մեծ բեռ է: Դա չափազանց է»,- հավելեց Քութատելաձեն:

Նշենք, որ հայ ձեռնարկատերերը բազմիցս են նշել ԵՏՄ տարածքում առեւտուր կատարելիս անուղղակի հարկերի հաշվանցման դժվարությունների մասին: Ամռանը հարցը բարձրացվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՄ գործադիր մարմինը):

Հիշեցնենք, որ Ռուսական X5 Retail group կոնցեռնը միավորում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» սուպերմարկետները: