Հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը համարձակ է, բայց, այնուամենայնիվ, խոցելի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը՝ մեկնաբանելով Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ երեկ տարածած հաղորդագրությունը՝ վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը:

ՀՌԱԿ ատենապետն իր ասածը պարզաբանելու համար նկատեց. «Նախ որ գաղտնի են պահվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Երկրորդ, ճիշտ կլիներ, որ հարաբերությունների կարգավորման գործըթնաց սկսելուց առաջ Հայաստանի իշխանությունների կողմից համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնվեր հայկական հասարակական, քաղաքական, վերլուծական, հանրային կարծիքը ուսումնասիրող կազմակերպությունների հետ, որի արդյունքում էլ կունենայինք հայ-թուրքական հարաբերություններին ուղղված ընդհանուր հայեցակարգ»: Ըստ ՀՌԱԿ ատենապետի՝ Հայաստանն այսօր նման հայեցակարգ չունի, իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունը շարժվում է ոչ թե համայն հայության աջակցությունը ստացած ծրագրով, այլ գերտերությունների թելադրանքով: ՀՌԱԿ ատենապետին մտահոգում է նաեւ փաստաթղթերի գաղտնիությունը: Հարություն Առաքելյանը նաեւ միտում է տեսնում արձանագրություններւմ նշված 6 շաբաթ ժամկետի մեջ:

Հիշեցնենք, որ ուղիղ վեց շաբաթ անց՝ հոկտեմբերի 14-ին կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որին պիտի մասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: