Սահմանադրության մեջ փոփոխությունների հապճեպ հանրաքվեով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է երկարացնել իր կառավարումը: Այս կարծիքին է contact.az-ի անցկացրած հարցման մասնակիցների գերակշիռ մասը:

181 պատասխանողներից այս կարծիքն է հայտնել 161-ը:

Միայն 17 մարդ է հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Սահմանադրության կատարելագործմանը:

Հարցին՝ «Ի՞նչ կպատահի, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն», 217 պատասխանողից 136-ը հայտարարել է, որ երկիրը ժողովրդավարական զարգացման հետընթաց կունենա: 74-ը կարծում է, որ քաղաքացիներից մեծ մասի համար միեւնույն է, թե Սահմանադրության մեջ ինչ կփոխվի, եւ նրանք մանրամասներով չեն հետաքրքրվում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 26–ին։ Առաջարկվող նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։