Սյունիքի մարզի զորամասերից մեկում վաշտի հրամանատարին ծեծելու մեջ մեղադրվող 6 ժամկետային զինծառայողներից Արման Միքայելյանի պաշտպանն ահազանգում է, որ իր պաշտպանյալը միջադեպի ժամանակ ավելի լուրջ վնասվածքներ է ստացել, քան սպան, սակայն հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:

«Իմ պաշտպանյալը կրծքավանդակի սալջարդ, քթի կոտրվածք:  Ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, մոտը եղել են թեթեւ ծանրության վնասվածքներ, այնինչ հրամանատարի վնասվածքը թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ անգամ չի պարունակում: Այդ ամենի հետ մեկտեղ իմ պաշտպանյալը տուժող չի ճանաչվել»,- ասաց փաստաբանը` Մարիամ Մկրտչյանը:

Փաստաբանը մշեց, որ նախաքննական մարմինը այլ կերպ է ներկայացրել տեղի ունեցածը եւ 6 զինծառայողներին մեղադրանք առաջադրել 5-10 րոպե սպային ծեծելու համար:

«Իրականում շարքային  զինծառայողներից մեկը  իրեն հայհոյելու պատճառով  լեզվակռվի է բռնվել  հրամանատարի  հետ, եւ նրանց միջեւ  միջադեպ  է  առաջացել: Մյուս զինծառայողներն էլ մոտեցել են, որ բաժանեն, նրանց նույնպես մեղադրանքներ են առաջադրել»,- ասաց փաստաբանը` մշելով, որ կապիտանը ընդամենը մի կապտուկ է ստացել:

Քրեական գործը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում, հոկտեմբերի 5-ին նշանակված է գործով առաջին դատական նիստը:

Կապիտան Կարեն Խաչատրյանը պայմանական ազատազրկման է դատապարտված՝ 1 տարի փորձաշրջանով: Նա մեղավոր է ճանաչվել, որ հրաժարվելով իր վրա դրված զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց,առանց թույլտվության չի ներկայացել զորամաս, ինչը զուգորդվել է զինվորական առանձին պարտականությունների կատարման փաստացի դադարեցմամբ: Բացի այդ՝ նա ինքնակամ լքել է դիտակետը եւ վերադարձել հաջորդ օրը:

Ժամկետային զինծառայողները՝ Յուրի Հովհաննիսյանը, Արման Միքայելյանը, Վազգեն Մխեյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Ասատրյանը եւ Հակոբ Վարդանյանը կալանավորված են: