Air France ավիաընկերության օդանավի անձնակազմը անսարքության պատճառով ստիպված է եղել Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտեբլո անտառի վրա թափել վառելիքի մեծ մասը: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ մարդատար Boeing-ը կիրակի առավոտյան օդ էր բարձրացել Օռլի օդանավակայանից՝ ուղեւորվելու Գայանա, սակայն տեխնիկական պատճառներով արագ Փարիզ է վերադարձել:

Վերադառնալիս օդաչուները թափել են վառելիքի մեծ մասը օդանավը թեթեւացնելու համար. խոսքը նավթի տասնյակ տոննաների մասին է:

Փարիզից 55 կմ հեռավորությամբ գտնվող Ֆոնտեբլո կոմունայի քաղաքապետը տեղի ունեցածը վրդովեցուցիչ է համարել:

«Նման բան թույլ տալը սկանդալ է: Ֆոնտեբլոյի անտառ տարեկան 10 մլն մարդ է այցելում: Դա բնության գոտի է, որը պետության պահպանության ներքո է գտնվում»,- իր Twitter–ում գրել է քաղաքապետ Ֆրեդերիկ Վալետուն: