Կանադայի Մարքեմ քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի, բացվել է «Հույսի անտառ»:

Սեպտեմբերի 24-ին՝ քաղաքային զբոսայգում  հանդիսավոր արարողության ժամանակ, տնկվել են ծառեր՝ որպես խաղաղության խորհրդանիշ, հայտնում է yorkregion.com-ը:

Արարողությանը ներկա են եղել դաշնային կառավարության ներկայացուցիչներ, նահանգի կառավարության անդամներ, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի անդամներ:

«Այս փոքրիկ անտառը նոր կյանքի ուղերձ է: Երիտասարդ ծառերը խոր արմատներ կտան, նրանց ճյուղերը կտարածվեն դեպի երկինք, ինչպես հայ համայնքը»,- ասել է միջոցառմանը ներկա միջազգային առեւտրի նախարար Մայքլ Չանը:

«Հույսի անտառը» կանադահայ համայնքի նախաձեռնած 100 նախագծերից մեկն է: