Մեծ Բրիտանիան կշարունակի արգելակել Եվրամիության  բանակի ստեղծումը, որովհետեւ դա կխարխլի ՆԱՏՕ-ի դիրքերը:  Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը` ժամանելով Բրատիսլավայում ԵՄ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում ` ՏԱՍՍ-ը:   

«Մենք լքում ենք ԵՄ-ն, բայց միշտ հանդես կգանք Եվրամիության բանակի ստեղծման դեմ, կարգելակենք եվրոպական շտաբերի ստեղծումը, որովհետեւ դա կխարխլի ՆԱՏՕ-ի դիրքերը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության համար կամ էլ կհանգեցնի դաշինքի գործառույթների կրկնօրինակման», - հայտնել է նա:

ԵՄ-ի պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպման թեմաներից մեկը եվրոպական շտաբի ստեղծման հնարավորության քննարկումն է, շտաբը կհամակարգի ռազմական եւ քաղաքացիական այն գործողությունները, որոնք իրականացնում է Եվրամիությունը, մասնավորապես` Աֆրիկայի պետություններում եւ Միջերկրական ծովում:  Մեծ Բրիտանիան միշտ դեմ է հանդես եկել այսպես կոչված եվրոպական բանակի, եվրոպական կորպուսի եւ այլ կառույցների գաղափարին, որոնք ՆԱՏՕ-ին զուգահեռ կզբաղվեին ԵՄ-ի երկրների պաշտպանությամբ: