ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Օհայո նահանգի համալսարանի ուսանողների առջեւ լավատեսական կանխատեսումներով է հանդես եկել:
«Շնորհիվ այն քայլերի, որ մենք ձեռնարկեցինք, մեզ երկրորդ ճգնաժամ չի սպառնում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով, սակայն, դեռ շատ անելիքներ կան:
Նշենք, որ հաջորդ ամսվա սկզբին ամերիկացիները պետք է վերընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին: Ներկայումս դեմոկրատները Կոնգրեսում մեծամասնություն են կազմում: Սենատում նրանք ունեն 59 տեղ: Ներկայացուցիչների պալատում կա 255 դեմոկրատ եւ 178 հանրապետական:
Ինչպես երեւում է, պայքարը երկու կւսակցությունների ներկայացուցիչների միջեւ խիստ է լինելու: Ընդ որում, հանրապետականները նրանց հաղթելու լուրջ հնարավորություններ ունեն:
Այս ամենին զուգահեռ` Բարաք Օբաման կորցնում է իր դիրքերը: Ներկայումս նրան սատարում է քաղաքացիների 43 տոկոսը: Մեկ ամսվա ընթացքում նա կորցրել է 4 տոկոս: Հարցվածների 53 տոկոսը տեսակետ է հայտնել, որ Օբաման չի կարողանում «գլուխ հանել» երկրի ղեկավարի պաշտոնից:




























