Ռուսաստանում էթնիկ հողի վրա «դեդովշչինայի» դեպքերի հաճախացման պատճառով Բանակի Գլխավոր շտաբը դիմել է ոչ միայն ռազմական ոստիկանություն ստեղծելու, այլ նաեւ բանակում այնպիսի ստորաբաժանումներ հիմնելու քայլի, որտեղ կծառայեն մեկ ազգության կամ միեւնույն կրոն դավանող մարդիկ, գրում է «Նեզավիսեմայա գազետան»: Փորձագետները զգուշացնում են, որ դա հղի է բանակի կառավարումը կորցնելու վտանգով:
Թերթի աղբյուրի տվյալներով, այս ձեւաչափն առաջինը կփորձարկեն Չեչնիայում: Ինչպես նշում են փորձագետները, դա վերադարձ է «վայրի ջոկատներին», որոնք գոյություն ունեին Ռուսական կայսրության ժամանակներում, որոշ ժամանակ նաեւ` խորհրդային զինված ուժերում:
Նման փորձարկման առիթ են դարձել բռնությունների հետեւանքով հարուցված քրեական գործերը, որոնց հիմնական մեղավորները այլ շրջաններից եկածների վրա ճնշումներ գործադրող կովկասցիներն են:
Նշենք, որ անցած շաբաթ Պերմում տեղակայված «Բազե» ավիաբազայում 120 հյուսիսկովկասցիներ հրաժարվել էին ենթարկվել հրամանատարությանը: Հարկ էր եղել դիմել մահմեդակաների հոգեւորականին, հայտնում է Newsru.com-ը:





























