«Ազատամարտի եղբայրության» դաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ իր բողոքն է հայտնում «Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ Ղարաբաղում Խորհրդային ԼՂԻՄ-ի սահմանները վերականգնելու» դեմ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հոկտեմբերի 4-14-ին չգիտենք ովքեր, ում հրահանգով կամ թույլտվությամբ որոշել են Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ Ղարաբաղում վերականգնել Խորհրդային ԼՂԻՄ-ի սահմանները:

Աստծո կողմից մեզ վերադարձված մեր պապենական երկրի մի մասը ինչ-որ ճղճիմ արարածներ որպես խաղադրույք են օգտագործում սեփական հաճույքները բավարարելու համար:

Մենք այն ազատամարտիկներն ենք, ովքեր Աստծո հրահանգով եւ ազգի կանչով կամավոր գնացինք ազատամարտի: Պատերազմի ամբողջ ծանրությունը վերցնելով մեր ուսերին լռել ենք մինչեւ այսօր դիմակայելով բոլոր զրկանքներին, որպեսզի չվնասենք Ղարաբաղին: Սակայն այսօր որոշ մարդիկ, ովքեր թալանից բացի ոչնչի մասին չեն մտածում, որոշել են դիրքն ու թալանը պահելու համար վաճառքի առարկա դարձնել մեր պապենական ու այսօրվա 7 հազար հոգիների արյունով սրբացած հայկական հողերը: Այսքան ժամանակ լռել ենք Ղարաբաղին չվնասելու համար, քանի որ դա մեր սերնդի ճակատագիրն է, ավարտին հասցնել սկսածը: Ուրեմն, խնդրում ենք աշխարհի հայությունից աջակցություն, իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիներին հորդորում ենք քաղաքացիական անհնազանդության: Եկել է ժամանակը վերջ տալ այս անբարոյականությանը:

Կոչ ենք անում ամբողջ հայ ազգին համախմբվել եւ ցույց տալ դավաճաններին իրենց տեղը: Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր ազատամարտիկներին հորդորում ենք ոտքի կանգնել: Խնդրում մի պահ պատկերացնել, որ իրենք են զոհվածները, զոհվածները` կենդանի: Ուսանողությանը խնդրում ենք մտահոգվել իրենց ապագայի համար եւ չթույլատրեն այն մթագնեն: Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությանը խնդրում ենք մեկ անգամ եւս փշրել ներսի ստրուկը, ոտքի կանգնել, ցույց տալ ամեն մեկին իր տեղը:

Հաղթանակն ու պարտությունը ժողովրդինն է, ոչ անհատներինը:

Այն ոստիկանները, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին Ազատամարտի եղբայրության անդամներն են: Այն միլիցիոներները, որոնք աշխատում են տերերի համար զգուշացնում ենք` մենք բավականին փորձ ունենք Ադրբեջանի օմոնի դեմ պայքարելու: Խնդրում ենք չստիպել մեզ Ձեզ նման աչքով նայել: Եկեք ազգովի վերջ տանք այս խեղկատակությանը: Պատրաստ ենք լինել առաջամարտիկներ:

Մենք գործելու ենք Աստծո կողմից մեզ տված իրավունքների եւ օրենքի սահմանում»: