Նոր կառավարության ու վարչապետի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ գիտենք միայն գիտենք նրանց անուն-ազգանունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումեր, ներդրումային միջավայր եւ զարգացման նախադրյալներ» թեմայով քննարկման շրջանակներում, NEWS.am-ի եւ Tert.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումային շուկայի վիճակին, նա ասաց. «Իհարկե, համաշխարհային ճգնաժամը, նավթի գների անկումն ազդել է Հայաստանում ներդրումների վրա: Բացի Հայաստանը համեմատաբար լավ է դիմակայել այդ ազդեցություններին եւ նախորդ տարի աճ է գրանցել: Այս տարի զգացվում է, որ աճն ավելի դանդաղ է լինելու, քանի որ ինանսական սեկտորը ավելի քիչ վարկեր է տալիս: Միաժամանակ դրական է, որ նվազեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա կնպաստի, որ վարկերը տնտեսության մեջ կարող են ավելանալ: Սա նշանակում է, որ կառավարությունը հասկանում է մրցունակության մեծացման կարեւորությունը, հասկանում է, որ պետք է վերացնել մենաշնորհները, որոնք կապված են պետական կառույցների աշխատողների հետ: Բայց նրանք հասկանում են, որ այդ խնդիրների լուծումը շատ բարդ է, բայց կան նաեւ ավելի հեշտ լուծվող խնդիրներ, օրինակ Հայաստանն իրեն լավ է դրսեւորում բիզնես միջավայրի ստեղծման առումով: Խոսքը վարչական ճիշտ որոշումների մասին է»:
Հարցին, թե կառավարությունը ցանկություն ունի՞ լուծել այդ խնդիրները, Մարկ Դեւիսը պատասխանեց. «Տեսնենք, կառավարությունն ասում է, բայց նաեւ գիտենք, որ շուտով ընտրություններ են: Ես հույս ունեմ, որ նրանք կանեն այն, ինչ պետք է անեն»:
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը Հայաստանի ամենալուրջ խնդիր համարեց կոռուպցիան. «Ճիշտ չէ նշել միայն մեկ խնդիր, իրականում գործ ունենք խնդիրների հավաքածուի հետ, որը հանգեցնում է այս իրավիճակին: Եթե մեկ բառով ասենք, դա կոռուպցիան է»:




























