Անհնար է, որ «բրեքսիթի» մասին բանակցություններն ավարտվեն որեւէ գործարքով, որը բրիտանացիներին ավելի շատ իրավունքներ կտրամադրի, քան ԵՄ սահմաններից դուրս ցանկացած այլ երկրի քաղաքացիների: Նման հայտարարություն է արել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին BBC–ին տված հարցազրույցում:
Նա նաեւ նախազգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալը բարդ է լինելու, սակայն ծագող խնդիրների լուծումը հնարավոր կլինի սկսել ոչ շուտ քան Բրիտանիան կգործարկի այդ գործընթացը:
ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները Ռենցին անվանել է սխալ որոշում ու ընդունել, որ վշտացել ու անչափ զարմացած էր քվեարկության ելքով, սակայն նկատել է, որ նույնիսկ նման որոշումը պետք է հարգել ու չի կարելի անտեսել ժողովրդավարական կամքի արտահայտությունը: «Միացյալ Թագավորության բնակիչները որոշել են իրենց ապագան,- նշել է Ռենցին,- Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք կարող ենք ու պետք է ստեղծենք լավագույն դաշինքը Բրիտանիայի ու ԵՄ-ի միջեւ, քանի որ առաջիկա տարիներին մենք լավագույն ընկերներ ենք մնալու»:
Նրա խոսքով Բրիտանիայի այդ որոշումը կարող է եվրոպական առաջնորդներին դրդել մտածել Եվրոպայի համար նոր ուղու մասին: Նա նշել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները Եվրոպական հանձնաժողովն է վարելու, այլ ոչ թե միության առանձին երկրներ կամ էլ դրանց առաջնորդները: Միեւնույն ժամանակ Ռենցին հայտնել է, որ պատրաստ է Թերեզա Մեյին աջակցել այդ բարդ գործընթացում ու որ բրեքսիթի պայմանները պետք է հնարավորինս շուտ քննարկվեն:
Իտալիայի վարչապետը բրեքսիթի համար մասամբ Դեւիդ Քեմերոնին է մեղադրել, հայտնելով, որ ԵՄ անդամակցության մասին քվեարկության հաշվին Բրիտանիայի նախկին վարչապետը փորձել է լուծել իր կուսակցության ներքին խնդիրները: «Մենք չպետք է արտաքին քաղաքական հարցերը օգտագործենք ներքին խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:





























