Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումից հետո տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Ալգիս Կաշետան ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգեւատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:
Լիտվացի հյուրին հանձնելով պարգեւը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը: Հաշվի առնելով, որ Ալգիս Կաշետան Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ այցը լուրջ ազդակ կլինի նաեւ միջխորհրդարանական կապերի աշխուժացման առումով:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան շնորհակալություն է հայտնել բարձր պարգեւի համար եւ ասել, որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատգամավորների պարգեւն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Ալգիս Կաշետան նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, եւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, որում, դատապարտելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանան:




























