«Եթե խոսում են, որ Արա Աբրահամյանը փոս է փորել կենտրոնական հանրախանութի մոտ եւ ոչինչ չի անում, ասեմ, որ այս պահին Արա Աբրահամյանը 100 մլն դոլար է ներդրել Երեւանի կենտրոնում ժամանակակից կենտրոնի շինարարության համար՝ 165 հազար քառ. մետր տարածքի վրա, որը դառնալու է Հայաստանի հպարտություններից մեկը»: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կենտրոնական հանրախանութի մոտ փորված փոսը այդպես էլ մնացել է:

«Արա Աբրահամյանը պարտավոր չէ ոչինչ անել: Արա Աբրահամյանը մեկն է այն հայերից, որ համախոհների հետ հասարակական կազմակերպություն է ստեղծել՝ պարտավոր չլինելով ոչինչ անել: Մենք սիրում ենք մեր ազգը, մենք բյուջե չունենք, մենք գումարներ չենք հավաքում: Եթե ես սկսեմ թվարկել Հայաստանում մեր կազմակերպության ողջ արածը, 5 ժամ կպահանջվի»,- հավաստիացրել է նա:

Աբրահամյանը վստահեցրել է, որ լինելով Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի, շատ է սիրում իր հայրենիքը, հարազատ գյուղը եւ ժողովրդին: «Բայց այժմ տնտեսական ճգնաժամ է, եւ չպետք է մոռանալ, որ ես պետություն չեմ, ես գործարար եմ, որը նույնպես բարդություններ ունի: Բայց միաժամանակ Ղարաբաղում դպրոց եմ կառուցում, եւ բարեգործական ոչ մի նախագիծ չի դադարեցվել ճգնաժամի պատճառով»,- ասել է նա: