Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջնայինը արժանապատվությունն է եւ Հայաստանը չի անի ազգային շահերից չբխող քայլեր: Այդ մասին Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը նշեցին Եվրամիությունում եւ Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչներ Ավետ Ադոնցն ու Զոհրաբ Մնացականյանը: Դիվանագետներն այսօր Ֆրանսիական համալսարանում խոսեցին Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության` մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների թեմայով:

Հարցին, թե հայկական դիվանագիտությունն առաջընթա՞ց կամ գո՞ւցե հետընթաց է ապրում, Ա. Ադոնցը պատասխանեց, որ թեպետ չի կարող ասել, որ այդ մասով ամեն ինչ լավ է, այնուամենայնիվ «հետընթաց» բառն առհասարակ կբացառի:Ավելին, ըստ Ադոնցի, «նոր զարգացումներն անպայման առաջընթաց կապահովեն»: Անդրադառնալով Թուրքիայի` Եվրոմիության անդամակցության հարցին` Ավետ Ադոնցն ասաց, որ թեպետ դա այնքան էլ շուտ չի լինի, այնուամենայնիվ միայն այդ դեպքում Թուրքիան առավել կանխատեսելի կդառնա, բացի այդ Հայաստանը սահմաններ կունենա Եվրամիության նման կարեւոր կառույցի հետ:

Խոսելով Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների` երեկ տարածած համատեղ հաղորդագրության մասին` դեսպանները նշեցին, որ հարցը քննարկվում էր դեռեւս ապրիլից, եւ դրա վավերացումը փաստաթղթի տեսքով այնքան էլ անսպասելի չէր: Դեսպանների խոսքերով, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, քննարկումներ են եղել Ադրբեջանում: Այժմ, նրանց համոզմամբ, հանրային քննարկումների փուլն է սկսվել, բայց ինչ էլ որ լինի, արժանապատվությունն առաջին տեղում է, եւ Հայաստանը չի անի քայլեր, որոնք չեն բխի ազգային շահերից: Նշելով, որ թեպետ փաստաթղթում նախապայմաններ չկան, Ա, Ադոնցը նկատեց, որ այնուամենայնիվ թուրքական քաղաքական էլիտան բազմիցս է ղարաբաղյան հիմնահարցի մասով ակնարկներ արել: «Դրանք, սակայն, որեւէ կապ չունեն սկսված գործընթացի հետ եւ չէին կարող տեղ գտնել երեկ հրապարակված փաստաթղթի մեջ»,- ամփոփեց Ադոնցը: