ԱՄՆ շատ է սատարում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն այդ հարցը Վաշինգտոնի իրավասությունների մեջ չէ եւ ԵՄ որոշելիք խնդիրներից է, ВВС-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչպես եւ ես, ակտիվորեն աշխատել ենք Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու ուըղղությամբ»,- նկատել է Քլինթոնը` ավելացնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր անդամներից է, որի հետ սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ը: Պետքարտուղարը նշել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներում Թուրքիայի դերը զգալիորեն մեծացել է:
Քեթրին Էշթոնն իր հերթին ավելացրել է, որ Թուրքիայի դիրքորոշումն իր համար շատ կարեւոր է: Նրա խոսքով, Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որոնց հետ ինքը կցանկանար աշխատել: Այնուամենայնիվ, Էշթոնը նկատել է, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը երկար եւ դժվար է լինելու:




























