Հոկտեմբերի 17-ին YouTube-ում տարածում գտած տեսանյութը, որը նկարահանվել է հեռախոսով եւ որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է հայ ուսուցչուհին գազազած ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում, եղել է Արաբկիր համայնքի 129 դպրոցում, ուսուցչուհին դասավանդել է մաթեմատիկա եւ մեկ շաբաթ առաջ դիմում է ներկայացրել ու ազատվել աշխատանքից` առողջական խնդիրների պատճառով:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության գիտության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսագրությունը 4 տարվա վաղեմություն ունի:
«Տեսանյութն այնքան հին է, որ չենք իմանում, թե որ դասարանում է եղել դեպքը, տեսքն ամբողջությամբ փոխված է»,- ասաց նա:
Հանրակրթության վարչության պետը նաեւ նշեց, որ ԿԳՆ-ն դատապարտում է բռնության կիրառումը դպրոցներում. «Աշակերտի իրավունքները ոտնահարող ուսուցիչը, որը բռնություն է կիրառում երեխայի նկատմամբ, չպետք է աշխատի դպրոցում: Ուսուցիչը պետք է հասկանա, եթե իր առողջական վիճակն այնպիսին է, որ չի կարող այդպիսի աղմուկում մնալ, կամ կառավարել դասարանը , չի կարող աշխատել դպրոցում»:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին YouTube-ում տարածվել է մի տեսագրություն, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է հայ ուսուցչուհին գազազած ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում: Կադրերից մեկում նյարդային կինը աշակերտին մոտեցրել է գրատախտակին եւ կտրուկ հարվածել նրա այտերին, մանկավարժի ձեռքերը հասնում են նաեւ երեխայի մեջքին եւ գլխին: Մեկ այլ դեպքում, այդ ուսուցչուհու հարվածից երեխան տապալվում է գետնին:




























