Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, մասնավորապես, ՀՀԿ-ն, չեն անցկացնում եւ չեն էլ պատրաստվում խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հետ` վերջինսի նախաձեռնած Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրինագծի քվեարկության հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:
«Ինչ խորհրդակցությունների կամ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել: Լավագույն փոխզիջումը կարող է լինել այն, որ «Ժառանգությունը» քվեարկության չդնի այդ օրինագիծը»,- ասաց նա, հավելելով, որ այդ օրինագծի քննարկումն ԱԺ-ում, շատ բացասական հետեւանքներ է ունեցել եւ դժվար թե ավելի վատ լինի:
Հարցին, թե մտադի՞ր է ՀՀԿ-ն դեմ քվեարկել հաջորդ քառօրյայում ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկության ժամանակ, Նիկոյանը պատասխանել է. «Երբ փաստաթուղթը դրվի քվեարկության ՀՀԿ-ն առավելագույնս արդյունավետ կգործի: Դրանում բոլորը կհամոզվեն քվեարկությունից հետո»: Միաժամանակ, նա չի բացահայտել, թե այդ ինչ գաղտնի ու անակնկալ քայլ են մտածել հանրապետականները:
Նշենք, որ այդ օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել էր «Ժառանգությանը» հետաձգել օրինագծի քվեարկությունը, որպեսզի խորհրդարանական ուժերը քվեարկության հարցում գան կոնսենսուսի:
Մասնավորապես, ՀՅԴ-ն առաջարկել էր ստորագրել օրինագծի տակ եւ այն թողնել ԱԺ մեծ օրակարգում: Այդուհանդերձ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ իրենք կողմ են քվեարկելու օրինագծին: Սա մի փոքր անակնկալ էր, որովհետւ մինչ այդ ՀՅԴ-ն հայտարարում էր, որ դեմ է ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին եւ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ եթե դեմ քվեարկեն, դա սխալ կհասկացվի հասարակության եւ միջազգային հանրության կողմից:
Ի վերջո, անսալով իր գործընկերների կոչին, Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկությունը հետաձգեց մինչեւ հաջորդ քառօրյա, որն սկսվում է հոկտեմբերի 25-ին: Սակայն, հետագայում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը մինչ օրս իրենց որեւէ առաջարկություն չի ներկայացրել եւ «Ժառանգությունն» իր խոստմանը համաձայն քվեարկության է դնելու ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը:





























