Հոկտեմբերի 25-ից 28-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների չորրորդ համաժողովը: Հայաստանի մշակույթի նախարարության, Մոսկվայում ՅՈւՆԵՍԿՈ-ի Բյուրոյի եւ ԱՊՀ երկրների  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո կայանալիք համաժողովի թեման կլինի թարգմանչական գրականության ֆինանսավորումն ու աջակցությունը:

Նախագիծն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական հասարակական կազմակերպությունը: Նախորդ երեք համաժողովների արդյունքում ստեղծվել է ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների կայք (www.twunion.org): Լույս է տեսել ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների կատալոգը: Գրանցվել է թարգմանիչների հասարակական կազմակերպությունը: Երեւանում հիմնվել է ԱՊՀ եւ բալթյան երկրների գրադարան: