Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված Արձանագրությունները կյանքի կոչելը կարող է տեւական ժամանակ պահանջել: Այդ մասին հայտարարել է թուրքական CNNturk-ի միջազգային քաղաքականության մեկնաբան Յալըմ Էրալփը՝ մեկնաբանելով Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ երեկ տարածած հաղորդագրությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վեց ամսվա ընթացքում ձեռնամուխ լինելու մասին: «Արձանագրությունների ուժի մեջ մտնելը կախված է երկու երկրների խորհրդարանների հաստատումից։ Դրանից հետո գործընթացը պետք է հասնի հանձնաժողովներին, նախագահներին։ Այսինքն արձանագրությունները ուժի մեջ մտնելը կարող է երկար ժամանակ պահանջել։ Այդ պատճառով կարեւորը արձանագրությունների ուժի մեջ մտնելու տարեթիվն է»,- նշել է Յալըմ Էրալփը։
NEWS.am-հիշեցնում է, որ Յալըմ Էրալփը վերջերս հանդես էր եկել ծավալուն հրապարակմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ։ Նա մասնավորապես նշել էր, որ Թուրքիան պետք է բացի սահմանները՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի խնդիրը։




























