Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.15-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով անհայտ քաղաքացի է տեղափոխվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը վիճաբանել է 28-ամյա Ռոբերտ Մոսինյանի հետ, հրազենով կրակել նրա վրա եւ պատճառել վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

հոկտեմբերի 17-ին, ժամը 03.15-ին Ռ. Մոսինյանը հիվանդանոցում մահացել է:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 7-րդ կմ-ին գործող քարի արտադրամասին հարակից տարածքում:

Դեպքի վայրից, զննությամբ հայտնաբերվել է 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ 2 պարկուճ, ինչպես եւ` «Մերսեդես Բենց» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի զննությամբ` հետեւի անվաթեւի վրա հայտնաբերվել է հրազենային երկու հետք:

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում են  22-ամյա Կամո Շահվերդյանը, Զորայր Շ.-ն, 29-ամյա Ռոմիկ Մ.-ն եւ 21-ամյա Պերճ Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ին դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 16 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 1 պարկուճ, 20 մմ տրամաչափի 2 փամփուշտ եւ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 պարկուճ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: