«Հայաստանի եւ Թուրքիայի կողմից երեկվա հայտարարությունը մի շղթայի օղակ է, որը ինչպես նաեւ Ճանապարհային քարտեզի հետ կապված հայտարարությունը եղել է դրսի ուժերի մեծ ճնշման տակ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, այդ ճնշումը թուլանալուց հետո գործընթացն առաջ չէր գնում եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե չի գնա Թուրքիա ֆուտբոլ նայելու, եթե մինչեւ հոկտեմբեր սահմանը չբացվի, կամ չլինենք դրա նախաշեմին, ուղղված էր հենց այդ ուժերին:
«Խնդիրն այս իրավիճակում այն է, որ գործընթացը գալիս է ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի հասարակություններից կամ պաշտոնյաներից, այլ դրսից»,- նշեց Իգիթյանն ու հավելեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է շատ անբերանպաստ պայմաններում, որովհետեւ ունի թույլ, ոչ լեգիտիմ իշխանություն եւ անգամ ԱՄՆ պետդեպարտամենտն է նշել, որ Հայաստանն ունի վիճարկելի ընտրություններով ընտրված նախագահ, խորհրդարանն էլ չի արտացոլում երկրում առկա իրական պատկերը, իսկ դա թույլ է տալիս դրսի ուժերին թելադրել այն, ինչ իրենց է հարմար:
«Հայ թուրքական հարաբերությունների բարելավումը երկարատեւ եւ ծանր պրոցես է: Այն սկզբունքները, որոնք նշված են, պետք է հետագայում զարգանան եւ ի վերջո դառնան փաստաթուղթ: Այս հարցում մտահոգությունն ու վտանգն այն է, որ Հայաստանում չկա այն քաղաքական եւ մասնագիտական թիմը, որը պետք է եւ կարող էր մանսակցել բանակցություններին եւ պատշաճ ձեւով ներկայացներ Հայաստանի շահերը»,- ընդգծեց Հ. Իգիթյանը:



















