Այսօր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում ՄԱԿ-ի ծրագրով կամավորական աշխատանք կատարող երիտասարդները բողոքի ակցիա էին կազմակերպել Կրթության եւ գիտության նախարարության առջեւ։
Ինչպես հայտնեց ակցիայի կազմակերպիչ Հրայր Սավզյանը, հենց սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրը, այս ակցիայի միջոցով նրանք փորձում են ԿԳ նախախարարության ուշադրությունը հրավիրել հատուկ դպրոցներում տիրող պայմաններին եւ ընդհանուր իրավիճակին։
«Բացի արդեն աղմուկ հանած սեռական ոտնձգություններից եւ բռնաբարություններից, այնտեղ նաեւ շատ վատ հակասանիտարական պայմաններ են։ Հենց մտնում էինք դպրոց, այդ վատ հոտը գալիս էր, նույնիսկ մեկ ամիս կարանտին էր հայտարարված եւ աշխատանքները չէինք կարողանում սկսել։ Ուրիշ խնդիրներ էլ կան՝ սնունդը, կրթության որակն էլ այն չէր։ Կոնկրետ Նուբարաշենի թիվ 11 դպրոցում, որը նախատեսված է թերզարգացած երեխաների համար, նորմալ երեխաները շատ էին»,- ասում է Հրայր Սավզյանը:
Ակցիայի մասնակիցների հետ խոսելու եկան կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
ԿԳ նախարարի խորհրդականն ասաց, որ. «Աշոտյանի նշանակման օրվանից սկսած՝ նախարարի ուշադրության կենտրոնում են ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցները»։
Նա ասաց, որ այդ հարցը քննարկում են նախարարի հետ եւ ուրբաթ օրը Արմեն Աշոտյանը պատրաստ է հանդիպելու երիտասարդ կամավորների հետ"։
Ակցիայից հետո մասնակիցները նաեւ բաց նամակ ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։
Նամակում երիտասարդ ակտիվիստները առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որը կզբաղվի նման դպրոցների վերահսկմամբ եւ մոնիտորինգների անցկացմամբ։
Նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի ծրագրով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում աշխատանքներ իրականացրած կամավորական խմբի անդամ Արման Ղարիբյանը ակցիայի ժամանակ գրավոր հարցում ուղղեց ԿԳ նախարարությանը, որով ցանկանում էր պարզել, թե հատուկ դպրոցում սովորող այն երեխաները, որոնք առողջ են եւ մտավոր խնդիրներ չունեն արդյո՞ք տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ։
Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 1-ի, ԿԳ նախարարության տվյալներով, Նուբարաշենի հատուկ դպրոցում սովորել են 96 աշակերտ, որից 92-ը ունեցել են թեթեւ, ծանր եւ չափավոր հետամնացության, իսկ 4 աշակերտի էլ տրվել է հանրակրթական ծրագրով սովորելու եզրակացություն:



















