Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ, միացյալ քաղաքականության եւ անվտանգության հարցերի պատասխանատու Խավիեր Սոլանան ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը:

Սոլանան հայտարարել է, թե բավարարված է, որ Անկարան ու Երեւանը պատրաստակամություն են հայտնել ներքաղաքական խորհրդակցություններ անցկացնել դիվանագիտական եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սոլանան ողջունել է կողմերի համարձակ եւ հեռատես մոտեցումները, որոնք Եվրոպայի մի մասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հնարավորություն են ստեղծում:

Սոլանան հույս է հայտնել, թե համաձայնեցված հայ-թուրքական արձանագրությունները կհաստատվեն եւ կիրագործվեն կարճ ժամկետում: Նա նաեւ ողջունել է Շվեյցարիայի միջնորդական գործունեությունը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն տարածեցին, ըստ որի, Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսում վեց շաբաթվա ընթացքում: