Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ անդամների վրա ոչ ոք ճնշում չի գործադրում, միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի ընտրության հարց քննարկման ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե որպես ԿԸՀ նախագահ, համարո՞ւմ եք, որ ձեր գործառույթը մինչեւ վերջ ազնվորեն կատարում եք:
«Որեւէ այլ ճնշում մեզ վրա չի լինում»,- ասաց Մուկուչյանը:
Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը բարձրացրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության նվազման հարցը: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ մարդկանց շրջանում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը նվազել է հատկապես Տիգրան Մուկուչյանի նշանակվելուց հետո:
«Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է արվել, ես կարող եմ ասել, որ հանրային վստահությունը գնալով շատանում է, ոչ թե նվազում: Իմ կարծիքով, հանրային վստահության թիվ մեկ խնդիրը լիակատար թափանցիկության ապահովումն է, որի համար էլ ավելի նոր մեծանիզմներ պետք է ներդրվեն»,- ասաց ԿԸՀ նախագահի թեկնածուն:
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:





























