Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր: Օրինագծերի մի մասն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նկատել է, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը: Աբրահամյանի կարծիքով, եթե որոշ պատգամավորներ չեն մասնակցում հանձնաժողովների նիստերին ապա անհրաժեշտ է դառնում վերանայել հանձնաժողովների կազմը:

Նշենք, որ հանձնաժողովի 9 անդամից նիստին մասնակցում էր 6 պատգամավոր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագծերի փաթեթը:

Իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Օրինագծում առաջարկվող փոփոխությունները, ըստ հիմնական զեկուցողի, առնչվում են ինֆորմացիայի արտահոսքին եւ նպատակ ունեն պաշտպանել լրագրողների շահերը: Նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Ներկայացվել են անեւ մի շարք այլ օրինագծեր, որոնց մի մասը որոշվել է ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: