2017-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ընտրողները պետք է հաղթահարեն վախն ու հրաժարվեն ընտրակաշառքից։ Այս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքով ՏԻՄ ընտրություններին նկատելի էր, թե ինչ ապատիայի է հասել քաղաքականության հանդեպ վերաբերմունքը։ Մարդիկ այնքան խորը անտարբեր են, թե ով կլինի իրենց քաղաքի կամ գյուղի ղեկավարը, որ պատրաստ են 1-2 հազար դրամով վաճառել իրենց ձայնը։ Իշխանություններն էլ հենց դրա վրա են հույսները դնում։ «Այդուհանդերձ, Գյումրի ու Վանաձոր քաղաքներում ընտրությունների ժամանակ մեծամասնությունը դեմ է քվեարկել գործող իշխանություններին՝ ո՛չ փողով, ո՛չ էլ հարկադրաբար, այլ իրենց համոզմունքներից ելնելով։ Բայց ցավոք բազմաթիվ փոքր քաղաքներում ու գյուղերում դեռ գերիշխում են ավատատիրական կարգերը։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր խնդիրն է հաղթահարել վախն ու երես թեքել ընտրակաշառքից։ Դա թույլ կտա  արդար ընտրությունների միջոցով երկրում արդարության հասնել»,- հավելել է Բիշարյանը։