Աղմկահարույց դատական գործընթացն ավարտվել է «Մեղավոր է» արտահայտությամբ: Կանադայի ռազմաօդային ուժերի խոշորագույն բազաների նախկին հրամանատար Ռասել Ուիլյամսը խոստովանել է իր կատարած երկու սպանությունները, երկու բռնաբարությունները ինչպես նաեւ մի շարք այլ սեռական բնույթի հանցագործությունները:

Ինչպես հաղորդում է The New-York Daily News-ը, մեղադրական եզրակացությունն ընթերցելու համար պահանջվել է 30 րոպե:

Ուիլյամսը խոստովանել է, որ սպանել է 27-ամյա Ջեսիկա Լլոյդին, ում մարմինը հայտնաբերվել էր հունվար ամսին ճանապարհի եզրին: Բացի այդ, նա սպանել է նաեւ Կանադայի ռազմաօդային ուժերի կապրալ 38-ամյա Մարի-Ֆրանս  Կոմոյին, ով աշխատում էր իր հետ VIP-չվերթների ժամանակ: Մարի-Ֆրանսի մարմինը գտել էին սեփական տանը 2009-ի նոյեմբերին:

Գնդապետի տան խուզարկության ժամանակ առգրավել են ներքնազգեստի 600 հավաքածու, ինչպես նաեւ հարյուրավոր լուսանկարներ, որոնք արվել էին զոհերի տանը: Դրանցում Ուիլյամսը կանացի ներքնազգեստով է, որոնք հետո վերցրել է իր հետ, հաղորդում է MIGnews.com-ը:

Ներկայումս ոստիկանությունը վերաքննում է 8 չբացահայտված սպանություն եւ տասնյակ սեռական բնույթի հանցագործություններ, որոնք կատարվել են վերջին 30 տարում:

Բրիտանական արմատներ ունեցող Ուիլյամսը համարվում էր «Թրենթոնի ռազմաբազայի ամենապայծառ աստղը»: Նա բազմիցս թռիչքներ է իրականացրել Կանադայի վարչապետի անձնական ռեակտիվ ինքնաթիռով եւ տեղափոխել այլ զինվորական պաշտոնյաների: 2005-ին նա վարել է օդանավը, որում եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը: