Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբդուռահմանովը դուրս է բերվել ահաբեկիչների կողմից զավթված շենքից, ուր հոկտեմբերի 19-ի առավոտյան ահաբեկչություն էր իրականացվել։
«Երկուշաբթի, երբ պատգամավորների մեքենաները մոտենում էին խորհրդարանի տարածքին, նրանց հետեւից գալիս էր նաեւ ահաբեկիչների մեքենան։ Նրանցից մեկը պայթեցրեց իր վրա ամրացված սարքը, երկուսը սլացան խորհրդարանի շենքի ուղղությամբ, եւ փոխհրաձգություն սկսվեց»,-«ՌԻԱ Նովոստիին» ասել է իր աղբյուրը։ Նախնական տվյալներով, զոհվել է 2 մարդ։
Նրա խոսքով, բոլոր մարդիկ շենքից տարհանվել են, ահաբեկիչներին ոչնչացնելու հատուկ գործողություններ են իրականացվում։
Դեպքի վայրում հատուկ գործողությունները ղեկավարում է երկրի առաջնորդ Ռամզան Կադիրովը։
Ինչպես հայտնում է AFP-ն, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, զինյալները շենքի ներսում պատանդներ են պահում։ Գործակալության անանուն աղբյուրները պնդում են, որ զոհվել են մի քանի թիկնապահներ, վնասվածքներ է ստացել խորհրդարանի փոխխոսնակը։




























