Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պայթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղի ամառանոցային թաղամասով (Շերամի փողոցի սկզբնամաս) անցնող խմելու ջրի հսկայական խողովակը: Վթարի արդյունքում ջուրը հսկա շիթով լցվել է հարեւանությամբ գտնվող բնակիչների սեփական տները: Այն հանգեցրել է հսկայական փլուզումների: Ջուրը մի քանի ժամ հոսել է:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարեւանությամբ գործող արտադրական փոքրիկ արհեստանոցները նույնպես ամբողջությամբ լցվել են ջրով, որոնց պատերը փլուզվել են: Փլուզվել են նաեւ վթարի հարեւանությամբ գտնվող այն տան պատերը, որտեղ բնակվում են անեւ անչափահաս երեխաներ կան:
Ըստ բնակիչների, առաջինն իրենց օգնություն են ցուցաբերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Այս պահին խմելու ջրի հոսքը դադարեցված է: Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցները, ովքեր զոդման աշխատանքներ են կատարում:
Բնակիչները նշել են, որ նման դեպք այստեղ նախկինում եւս եղել է եւ «Ջրմուղի» ոչ ճիշտ կամ թերի աշխատանքի արդյունքում այն, փաստորեն, կրկնվել է: Բնակիչները ամենահիմնական մեղավորը համարում են հենց «Ջրմուղին»:
Բարեբախտաբար, ջրի խողովակի պայթյունի պահին դեպքի վայրում մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում փլուզումներից կարող էին մարդիկ վիրավորվել:
Ի դեպ, մինչ այս պահը ոչ Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից, ոչ էլ քաղաքապետարանից որեւէ մեկը չի եկել դեպքի վայր: Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ կատարող անձինք հայտնեցին, որ իրենք տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին:
Տուժած բնակիչներին վրդովեցնում է քաղաքային եւ տեղական իշխանությունների անտարբերությունը եւ մտադիր են փոխհատուցման հայցով դիմել դատարան:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























