Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրավերով Հայաստան է ժամանել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Մոնիկ Բարբուտը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրները, ԳԷՀ-ի ներդրումային ծրագրերն ու դրանց արդյունքները, ամփոփվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության 4-րդ փուլը, որի շրջանակներում 2005-2009թթ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք ազգային եւ տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր` 5.5մլն դոլար արժողությամբ եւ նախագծվել են ԳԷՀ 5-րդ փուլում համագործակցելու հեռանկարները:
ԳԷՀ -5 գործընթացի շրջանակներում 2011-2015թթ-ն Հայաստանի համար նախատեսված բյուջեն կազմում է 7.97մլն ԱՄՆ դոլար` ըստ կիզակետային ոլորտների:
Բնապահպանության նախարարը եւ տիկին Բարբուտը հանդիպել են ՀՀ–ում ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող միջազգային գործակալությունների հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի (WB), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNDP), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության(UNIDO) եւ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՙԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի՚ անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը ներկայացրել է տիկին Բարբուտի այցի նպատակը, ԳԷՀ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ այն գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել այդ այցի ընթացքում:
Այնուհետեւ Բարբուտը խոսել է իր այցի եւ հանձնաժողովի հետ քննարկվելիք հարցերի շուրջ, միաժամանակ կարեւորելով ՀՀ վարչապետի կողմից «ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի» ստեղծումը: Նա նշել է նաեւ, որ ԳԷՀ-ի ռազմավարական խնդիրներից է աջակցությունը երկրներին` որոշումներ կայացնլու, բնապահպանական խնդիրները ծրագրավորելու եւ ինքնուրույն ծրագրեր իրականացնելու պարագայում:
Պլանավորված է այցելություն «Սեւան» ԱՊ եւ «Խոսրով» պետական արգելոց, որտեղ կքննարկվեն նոր ներդրումային ծրագրեր եւ համագործակցության հեռանկարները:
Հոկտեմբերի 20-ին, նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարի եւ տիկին Բարբուտի համատեղ մամլո ասուլիսը:




























