Էլէկտրոմոբիլներ արտադրող ամերիկյան Tesla Motors ընկերությունն առաջին անգամ ներառվել է Interbrand գործակալության կողմից ամեն տարի կազմվող հարյուր ամենաթանկ ընկերությունների վարկանշային աղուսյակում:
Գլխավորում են աղուսյակը Apple, Google եւ Coca-Cola ընկերությունները:
Interbrand-ի վերլուծաբանները Tesla-ն գնահատել են $4 մլրդ։ Ընկերությունը վարկանշային ցուցակում հարյուրերորդն է:
Interbrand-ի վարկանշային աղուսյակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած Apple եւ Google ընկերությունները գործակալության կողմից գնահատվել են համապատասխանաբար $178,1 մլրդ եւ $133,2 մլրդ:
Բացի Apple եւ Google-ից առաջին տասնյակ են մտել ՏՏ ոլորտի այլ ընկերություններ, ինչպիսիք են Microsoft–ը (4-րդ հորիզոնական, $72,8 մլրդ), IBM–ը (6-րդ հորիզոնական, $52,5 մլրդ), Samsung–ը (7-րդ հորիզոնական, $51,8 մլրդ) եւ Amazon–ը (8-րդ հորիզոնական, $50,3 մլրդ):
Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ մեքենաշինական այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Toyota-ն, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը եւ գնահատվել է $53,8 մլրդ, Mercedes-Benz-ը՝ 9—րդ հորիզոնականով եւ $43,49 մլրդ արժեքով: Փակում է թոփ-տասնյակը General Electric ընկերությունը, որը Interbrand-ի վերլուծաբանների կողմից գնահատվել է $43,1 մլրդ:
Աշխարհի ամենաթանկ 100 բրենդների ընդհանուր արժեքը անցած տարվա հետ համեմատած աճել է 4,8%-ով՝ կազմելով $1,8 տրլն:




























