Վորոնեժում, ֆուտբոլի երկրորդ լիգայի առաջնության խաղում` տեղի «Ֆակելի» եւ «Լիպեցկի» Մետալուրգի միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնակցել են բոլոր խաղացողները, պահեստայինները եւ մարզչական կազմերի ներկայացուցիչները: Միայն գլխավոր մարզիչներն իրենց թույլ չեն տվել մտնել ձեռնամարտի մեջ:

Վեճը սկսվել է 82-րդ րոպեին, երբ հյուրերի խաղացող Յուդինը տրորել է խոտածածկին պառկած մրցակցին: Հանդիպումն ընդհատվել է եւ վերսկսվել է միայն այն բանից հետո, երբ երեք խաղացող կարմիր քարտ է ստացել, ինը` դեղին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Ֆակելի»: Այս հաղթանակի շնորհիվ «Ֆակելը» 48 միավորով տեղափոխվել է չորրորդ տեղ: Ռուսաստանի երկրորդ լիգայի առաջնության ավարտին երկու տուր է մնացել: