Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` հոկտեմբերի 19-ին  առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրթինի եւ Օմար Յանարինի հետ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:

Ա.Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ձեւավորմանը:

Թուրքիայի պատվիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: