Այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում իր աշխատանքներն է սկսել   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:

Իր խոսքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել է. «Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է  հանցավորության դեմ  արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում   մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին:  Այդ համագործակցությունը  մենք դիտարկում ենք որպես դատախազության  մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների  անվտանգության եւ իրավական պաշտպանվածության ապահովման համար»:

Նրա խոսքով, ԵԽ շրջանակներում բազմակողմանի համագործակցությունը հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը, որը ներառում է  մեր պետությունների կենսագործունեության  բազմաթիվ  ոլորտներ եւ այստեղ հատուկ նշանակություն  ունի իրավապահ մարմինների, այդ թվում` դատախազության համագործակցությունը:

Ա. Հովսեփյանը դժգոհել է, որ ՀՀ դատախազությունն այսօր քրեաիրավական հարցերից զատ որեւէ այլ լիազորությունով օժտված չէ:

«Դատախազության` հանրային շահերի պաշտպանության գործառույթները բարեփոխումներից հետո ընդհանրապես վերացվեցին, մինչդեռ եվրոպական կառույցներն հատկապես հետամուտ են հենց այդ գործառույթների իրականացմանը»,- նշել է նա:

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ նշել է, որ 2007-ին ընդունված Սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատախազությունը, գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ են դարձել, ինչը դրական է:

Նշենք, որ ԵԴԽԽ  լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:  

Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ`  Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: