Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ երեկ տարածած հաղորդագրությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վեց ամսվա ընթացքում ձեռնամուխ լինելու մասին, հայկական դիվանագիտության համար պարտություն է:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ պարզաբանելով, որ Հայաստանը ստորագրեց մի քանի բաների տակ՝ դիմացը ոչինչ չստանալով: «Իսկ ամենամտահոգիչն այն է, որ փաստորեն Հայաստանի վրա ժամկետ է դրված երկու ամսվա ընթացքում հիմնավոր կերպով լուծում տալ Ղարաբաղի հարցին»,- արձանագրեց փորձագետը: Ըստ Մեհրաբյանի՝ մտահոգիչ է նաեւ Արձանագրություններում առկա վավերացման մասին կետը: «Վավերացմամբ պետության ղեկավարի վրայից միանձնյա պատասխանատվությունը բաշխվում է նաեւ խորհրդարանի վրա: Եւ երրորդը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կգնա Թուրքիա՝ միայն սահմանների բացման կամ դրա նախաշեմին լինելու պարագայում: Ահա եւ նախաշեմ: Նախաշեմը նկարված է թղթի վրա, եւ Սերժ Սարգսյանը ֆորմալ որեւէ պատճառ չունի Թուրքիա չգնալու: Դա չի հասկացվի միջազգային հանրության կողմից»,- արձանագրեց Մեհրաբյանը:
Վերջինիս կարծիքով՝ պատահական չէ նաեւ վեցամսյա ժամկետի եւ սպասվելիք իրադարձության՝ ֆուտբոլային հավաքականների հանդիպման օրվա համընկնումը: «Սա միտում էլ չէ, սա մտահղացում է՝ փայլուն իրականացված ամերիկյան դիվանագիտության կողմից, որից թուրքական դիվանագիտությունը կորզեց առավելագույնը, իսկ Հայաստանի դիմաց կարելի է գրել՝ զրո: Եթե արտահայտվենք ֆուտբոլային տերմինոլոգիայով, ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց դիվանագիտական ֆուտբոլով, իսկ գնդակի դերում, ցավոք, հայտնվել է Հայաստանն»,- ամփոփեց փորձագետը:




























