Էքլսթոունի ծննդյան 80-րդ տարեդարձի նախօրեին բրիտանական The Guardian-ը մեծ հրապարակում է նվիրել Ֆորմուլա-1-ի ղեկավարին: Արքայական ավտոարշավի ղեկավարը հանգստի գնալու ոչ մի մտադրություն չունի ու չնայած տարիքին առաջվա նման հստակ իշխում է ավտոարշավի բիզնես-կայսրությունում:
Էքլսթոունը վստահ է` քանի որ Ֆորմուլա-1-ն աշխարհի առաջնություն է, դրա փուլերը պետք է անցկացվեն մոլորակի բոլոր անկյուններում, աշխարհագրությունն էլ պետք է ընդլայնվի: Ընդ որում, նա պատրաստ է հրաժարվել պատմական ավտոարշավարաններից, նույնիսկ լեգենդար Սպայից, եթե տեղական իշխանությունները ֆինանսական աջակցություն չցուցաբերեն:
Էքլսթոունը նշել է, որ Բելգիայի Մեծ մրցանակը կարող է հանվել օրացույցից: Նույն պատմությունը կապված է բրիտանական փուլի հետ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը միլիարդավոր ֆունտեր է ծախսում Լոնդոնի Օլիմպիական խաղերի վրա, իսկ Սիլվերսթոունի ավտոարշավարանի համար գումար չի գտնում: Էքլսթոունի կարծիքով Օլիմպիադան ավարտվում է եւ մի քանի շաբաթից մոռացվում, իսկ Ֆորմուլա-1-ի բրիտանական փուլը տասնամյակներ կարող է շարունակվել:
«Օլիմպիադայում ամենահետաքրքիրը բացման եւ փակման արարողությունն է, իսկ մնացածն ապուշություն է»,- ասել է Էքլսթոունը:
Էքլսթոունը հստակ է ձեւակերպել իր մոտեցումը. Աշխարհի առաջնությունը կպահպանվի 20 փուլերի սահմաններում, իսկ Սպայից կհրաժարվեն, եթե կոմերցիոն իմաստով շահավետ չլինի: Լավ օրինակ է Թուրքիայի Մեծ մրցանակը: Էքլսթոունի գնահատմամբ` թուրքերը Ստամբուլում կառուցել են աշխարհի լավագույն ավտոարշավարանը, սակայն թուրքերը Ֆորմուլա-1-ի նկատմամբ քիչ հետաքրքրություն են ցուցաբերում:
Առաջիկա հոբելյանի կապակցությամբ Էքլսթոունը նշել է, որ ոչ մի տարբերություն չի տեսնում 79-ի եւ 80-ի միջեւ: Իսկ կանգառ վերցնելու պատճառ չի տեսնում եւ մտադիր է Ֆորմուլա-1-ը ղեկավարել նաեւ 90 տարեկանում, գրում է F1News.Ru-ն:





























