Վերջերս YouTube-ում հայտնված տեսանյութերը, որոնք ներկայացնում են դպրոցում աշակերտների նկատմամբ ուսուցիչների բռնության դեպքերը, քաղաքացիական հասարակության ձեւավորման առաջին ծիլներն են: Հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ, մանկավարժ  Անահիտ Բախշյանը` հավելելով, որ դրանք արդեն խոսում են հասարակության առողջացման մասին:

Նա ասաց, որ առաջին անգամ չեն դպրոցում նման դեպքեր գրանցվում, սակայն հիմա աշակերտները կարողանում են նկարահանել դրանք բջջայիներով եւ տեղադրել կայքերում`պաշտպանելու համար իրենց արժանապատվությունը:

ԱԺ պատգամավորի համոզմամբ, բռնություններ կիրառելու համար ուսուցիչներին աշխատանքից ազատելուց բացի, պետք է պատժվեն նաեւ դպրոցի տնօրենները, քանի որ իրենք են առաջին պատասխանատուն ընտրած կադրերի համար:

«Այսօրվա դպրոցների տնօրենները ոչ թե մանկավարժության խտացված փորձ կրող մարդիկ են, այլ այս կամ այն իշխանավորին ձեռնտու անձինք: Նրանք մտնում են  իրենց աշխատասենյակ եւ դուրս չեն գալիս: Դրանք կահավորում են ժամանակի ամենաարդի պահանջներով: Տնօրենը չի դառնում մանկավարժների  ավագ ընկերը, չի ստեղծագործում, չի կազմակերպում կրթությունն օրենքին համապատասխան»,-ասաց Բախշյանն ու հավելեց, որ պետք է ամբողջությամբ փոխվի ուսուցիչներ պատրաստելու մեթոդները, իսկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն` ընդհանրապես փակվի. «Ես բազմիցս ասել եմ եւ շարունակում եմ ասել, որ մանկավարժական բուհը պետք է փակվի:

Մանկավարժական համալսարանից դուրս եկած մանկավարժներին անձամբ ես, որպես դպրոցի տնօրեն, երբ փորձաշրջան էին անցնում, չեմ ընդունել»:

Հոգեբան, մանկավարժ, ԵՊՄՀ-ի դասախոս Ռուբեն Պողոսյանը համաձայնեց տիկին Բախշյանի հետ եւ հավելեց, որ պետք է փոխել նաեւ մանկավարժներին գործի ընդունելու կարգը: Այն պետք է իրականացվի թեստավորման միջոցով, որը գիտելիքներից բացի, կստուգի նաեւ մանկավարժի անձնային հատկությունները եւ վարքը: