Փաստը, որ Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտել ընդդիմության բողոքի գործողությունը կառավարության ընդունելությունների տան մոտ, որտեղ ընթանում է Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումը, կարելի է գնահատել միայն դրական, լրագրողների հետ զրուցյում հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Եթե երկրում կան խնդիրներ, չպետք է թաքցնել դրանք, եւ այդ իմաստով իշխանությունների «բարեհաճությունը» ցուցարարների հանդեպ հուսադրող է»,- նկատել է Ռուստամյանը: Ընդ որում, նա կոչ է արել զերծ մնալ «քաղբանտարկյալ» հասկացությունից, քանի որ դա ոչ թե քաղաքական, այլ բացառապես իրավական ձեւակերպում է: «Նման տեսակետի է նաեւ Եվրոպայի Խորհուրդը»,- հավաստիացրել է Ռուստամյանը:

Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանում լրջագույն խնդիրներ կան ժողովրդավարության իմաստով: «Օրինակ, Հայաստանում կան մարդիկ, որ իրենց պետությունից վեր են դասում, պետությանը հարկադրում է ծառայել իր նպատակներին: Եվ ընդհակառակը, կա դաս, որը լիովին զրկված է պետության ուշադրությունից»,- ասել է Ռուստամյանը: