Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու մասին լայն արձագանք է ստացել, քանի որ ասվել է պետության ղեկավարի կողմից: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը «Վրաստան-Ադրբեջան համադաշնություն. Մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն» հեռուստակամուրջի ընթացքում:
Նրա խոսքով, սակայն, համադաշնության ստեղծման իրական հեռանկարներ չկան:
«Համադաշնությունը կարող է կործանվել դեռ չստեղծված, քանի որ երկկողմ հարաբերություններում Վրաստանը միշտ կրտսեր եղբայր է լինելու, եւ բոլոր հարցերը լուծելու է Ադրբեջանը»,- ասել է փորձագետը:
Իր հերթին վրացի քաղաքագետ, հոգեբան Ռամազ Սակվարելիձեն հայտարարել է, թե նախաձեռնությունը քաղաքական մետաֆորա է, որը կոնկրետ տեսք է ստանում: «Համադաշնությունը քիչ հավանական գաղափար է, սակայն միավորման ձեւաչափեր ստեղծել արժե, քանի որ ցանկացած միավորում օգտակար է»,- կարծում է Սակվարելիձեն:
Նա նշել է, որ Ռուսաստանը բավական նյարդային է արձագանքում այդ հարցին, տեղեկություններ տարածելով, որ միավորումը ստեղծվում է Արեւմուտքի ձեռքով:




























