ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը այսօր ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Բակոյանիսը ընդգծել է, որ նման զարգացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կապերի հաստատումը դրական քայլ կլինի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, այլեւ դրանից դուրս: Ես ջերմորեն ողջունում եմ այդ դրական քայլը ԵԱՀԿ-ի անդամ երկու պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ», — հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն տարածեցին, ըստ որի Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսում վեց շաբաթվա ընթացքում:




























