Հոկտեմբերի 10–ի վաճառքների արդյունքում Apple ընկերության բաժնետոմսերի գինը մաքսիմումի է հասել 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ամերիկյան ընկերության թղթերի արժեքը բարձրացել է հարավկորեական Samsung Electronics-ի կողմից Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրության դադարեցման պատճառով: Nasdaq բորսայի աճուրդի ընթացքում հոկտեմբերի 10-ին Apple-ի մեկ բաժնետոմսի գինը հասել է $116,75-ի (2,3% աճ):
2016 թվականի սեպտեմբերին նոր iPhone 7 եւ 7 Plus թողարկումից հետո Apple-ի բաժնետոմսերը թանկացել էին 13% տոկոսով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Samsung-ը դադարեցրել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը՝ սարքերի այրման նոր դեպքերի գրանցման պատճառով: Այս իրադարձությունների ֆոնին Samsung-ի բաժնետոմսերի գինը ընկել է 1,5%-ով:
Սեպտեմբերի սկզբին Samsung-ն առաջին անգամ հետ կանչեց թողարկված Galaxy Note 7 սմարթֆոնները, իսկ սեպտեմբերի վերջին արդեն ներկայացրեց թարմացված տարբերակները, սակայն դրանից հետո կրկին գրանցվեցին սարքերի այրման դեպքեր: Ամենայն հավանականությամբ, դեպքերի պատճառը անորակ մարտկոցներն են: Այժմ սմարթֆոնների արտադրությունը դադարեցված է, իսկ ընկերությունը ուսումնասիրում է դեպքերի պատճառները:




























