Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին մայրաքաղաքի առանձնատների շուկայական գներն աճում են։ Եվ այսպես, օգոստոսի դրությամբ հինգ տարում առանձնատները թանկացել են Երեւանի տասնմեկ թաղամասերից տասում (տե՛ս աղյուսակը ստորեւ)։ Միակ բացառությունը Էրեբունի թաղամասն է, որտեղ միջին շուկայական գինը նվազել է մեկ քառակուսի մետրի համար 1 հազար դրամով։
Նշենք, որ առանձնատների ու բնակարանների գների հաշվարկի մեթոդաբանությունները արմատապես տարբերվում են։ Բնակարանների համար ներկայացվում է 1 քառ մետր մակերեսի որոշակի գինը։ Իսկ մայրաքաղաքի առանձնատների համար հաշվարկվում է 250 քառ մետր մակերեսով ստանդարտ շինության «քառակուսու» գինը, որին հավելում են 400 քառ մետր մակերեսով տնամերձ հողատարածքի գինը։ Չնայած նման ցուցանիշը մի քիչ վերացական բնույթ է ունենում, բայցեւայնպես այն թույլ է տալիս որոշակիորեն համեմատել առանձնատների գները քաղաքի տարբեր թաղամասերում։ Եթե իհարկե այդ գները համապատասխանում են իրականությանը։
Ավելի վաղ նշել էինք, որ բնակարանների՝ դրամով արտահայտված պաշտոնական գների թույլ աճը՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնին, հանգեցրել է այդ արտարժույթով արտահայտված գների զգալի նվազման։
Նույնն է կատարվել նաեւ առանձնատների հարցում։ Առանձնատների "քառակուսու" գների առավելագույն անկումը Կենտրոն էլիտար թաղամասում է գրանցվել, իսկ նվազագույնը՝ Նուբարաշեն ծայրամասային թաղամասում։





























