Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում ներմուծման ընդհանուր ծավալում ֆիզիակական անձանց մասնաբաժինը անցած տարի 3․1 տոկոս է կազմել։ Ընդ որում նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2․4 տոկոսային կետով։ Նկատենք, որ ֆիզիկական անձանց մասով ներմուծումը ուղիղ 10 անգամ գերազանցել է արտահանումը։ Այս անհամաչափության պատճառը հայտնի է բոլորին՝ ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների լայնածավալ ներմուծումը։

2014-ին Հայաստան մարդատար ավտոմեքենաների ներմուծումը հասել էր պատմական մաքսիմումին՝ 44․3 հազար մեքենա։ Պատճառն այն էր, որ Հայաստանը այդ ժամանակ պատրաստվում էր անդամակցել ԵՏՄ-ին։ Քանի որ ԵՏՄ-ում ներմուծման տուրքերը ավելի բարձր էին, քան մեր երկրում, ավտոմեքենաներ ներմուծողները որոշել էին նախապես կտրուկ ավելացնել դրանց ներմուծումը։

Ռեկորդային տարում ներմուծվել էր ընդամենը 278․5 մլն դոլար մաքսային գումարի մարդատար ավտոմեքենա, որից 217․7 մլն դոլարը (կամ 78․2 տոկոսը) բաժին էր ընկնում ֆիզիկական անձանց։ Պետք է ենթադրել, որ ավտոմեքենաների ներմուծման ծավալը գերազանցել էր երկրում ընթացիկ պահանջարկը, ու դրանց ապրանքային ռեսուրսների մի մասը փոխադրվել էր հաջորդ՝ 2015 թ։

2015-ը նշանավորվեց թե ԵՏՄ-ին Հայաստանի վերոնշյալ անդամակցությամբ, թե մարդատար ավտոմեքենաների ներմուծման կտրուկ անկումով՝ (159․7 մլն դոլարով կամ 2․3 անգամ)։  Ըստ հաշվարկների, ավտոմեքենաների ներմուծման ծավալում  նշված անկման պատճառով  պետբյուջեի հարկային եկամուտների  վնասը կարող էր հասնել 52 մլն դոլարի։ Նկատենք, որ այդ հաշվարկը կատարվել էր մինչ այդ գործող մաքսատուրքերի հիման վրա։

Ընթացիկ տարում մարդատար ավտոմեքենաների ներմուծման անկումը շարունակվել է։ Հունվար – հունիս ամիսներին ներմուծվել է  ընդամենը 6․8 հազար մեքենա, անցած տարվա նույն ժամանակաշրջանի 11․5 հազար մեքենայի համեմատ (ընդ որում անցած տարի արդեն իսկ լուրջ անկում էր գրանցվել)

 Հայաստանում մարդատար ավտոմեքենաների պարկի աճը միանշանակ գնահատելը բարդ է։ Մի կողմից հասկանալի է, որ ֆինանսապես ապահով քաղաքացիներն ուզում են անձնական փոխադրամիջոց ձեռք բերել։ Մյուս կողմից էլ նման ձգտումերը վկայում են հանրային տրանսպորտի ոլորտի լուրջ թերությունների մասին։ Հավելենք նաեւ այն խնդիրները, որոնք կապակցված են շրջակա միջավայրի աղտոտման ուժգնացման հետ, մանավանդ  մայրաքաղաքում։

Սմբատ Գրիգորյան