Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) ֆինանսավորման սառեցման մասին, ինչը փաստացի բողոք է ընդդեմ կազմակերպության այն որոշման, որի համաձայն՝ 1937 թվականին Չինաստանի Նանկին քաղաքում իրագործված սպանդին վերաբերող փաստաթղթերը ներառվում են համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: «Մենք ձեռնպահ կմնանք մեր անդամավճարից: Այդ որոշումն ընդունվել է տարբեր գործոնների համալիր գնահատման հիման վրա»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Տոկիոն հասկացրել է, որ կարող է դադարեցնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը: Դա կազմակերպության համար ծանր հարված կլինի, քանի որ Ճապոնիային է բաժին ընկնում կազմակերպության բյուջեի 10,8 տոկոսը:
ՅՈւՆԵՍԿՕ-ն դեռեւս անցյալ տարի Չինաստանի առաջարկով համաշխարհային փաստաթղթային ժառանգության ցուցակի մեջ է ընդգրկել 1937 թվականին այդ ժամանակ Չինաստանի մայրաքաղաք Նանկինի գրոհից հետո ճապոնական բանակի իրականացրած զանգվածային հաշվեհարդարին վերաբերող արխիվային նյութերը: Ճապոնիայի ԱԳ նախարարությունը այդ ժամանակ հայտարարել էր, որ Պեկինի ներկայացրած փաստաթղթերը աղավաղում են պատմությունը եւ «հիմնված են միակողմանի դատողությունների վրա»: Տոկիոն ընդունում է Նանկինում հաշվեհարդարի փաստը, սակայն պնդում է, որ չկա զոհվածների հաստատված թիվ, այդ կապակցությամբ կարող են տարբեր կարծիքներ լինել:




























