Հայաստանի նախագահական նստավայրում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Նախկինում հայտնել էինք, որ նստաշրջանին մասնակցելու համար նախօրեին Երեւան են ժամանել Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, իսկ այսօր՝ Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները: Ղազախստանին ներկայացնում է վարչապետը:
Ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների՝ ԱԳ, պաշտպանության նախարարների, հավաքական անվտանգության քարտուղարների խորհրդի նիստը:
Երեւանյան նիստով կավարտվի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի թվում նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային իրավիճակը եւ հավաքական անվտանգության ապահովման հրատապ հարցեր, կքննարկեն մինչեւ 2025 թվականը ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության որոշման եւ ՀԱՊԿ ճգնաժամերի արձագանքման կենտրոնի ստեղծման նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդելու որոշումների կատարումը: Ակնկալվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:

































